Բորելին կփոխարինի Էստոնիայի վարչապետը, Միշելին՝ Պորտուգալիայի նախկին վարչապետը, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կպահպանի ԵՀ ղեկավարի իր պաշտոնը

ԵՄ երկրների առաջնորդները, որոնք ներկայացնում են Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցությունները, համաձայնության են եկել Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածության շուրջ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նոր ժամկետով: Այս մասին հայտնում են գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը և dpa-ն, ինչպես նաև Politico-ն՝ հղում անելով Եվրամիության իշխող կառույցների աղբյուրներին։


 Եվրոպական դիվանագիտությունը կգլխավորի Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։ Որպես ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ՝ Կալլասը կփոխարինի Ժոզեպ Բորելին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերից։


Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում համաձայնեցվել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոշտայի թեկնածությունը։ Նա կփոխարինի Շառլ Միշելին։


 ԵՄ ղեկավարության պաշտոններում թեկնածուների քննարկմանը մասնակցել են Հունաստանի, Լեհաստանի, Իսպանիայի և Նիդեռլանդների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը, գրում է Politico-ն։


Հունիսի 27-ին ֆոն դեր Լյայենի, Կալլասի և Կոշտայի թեկնածությունները կներկայացվեն ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր կհավաքվեն Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին։